10/12/2018 14:23
ԱԺ-ում ընդդիմություն լինելու է միայն «Լուսավոր Հայաստանը». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պնդում է, որ խորհրդարանում ընդդիմություն լինելու ռեսուրս ունեն միայն իրենք:
«Սարսափելի հակաքարոզչութուն է տեղի ունեցել մեր դեմ և դա իր ազդեցությունն է ունեցել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով քիչ թվով ձայներ հավաքելուն:
Նա շեշտեց՝ ամեն դեպքում, ունեն այն, ինչ ունեն:
Aysor.am-ի դիտարկմանը, թե շատ է խոսվում, որ իրենց կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքից ծնված ընդդիմություն է լինելու, Էդմոն Մարուքյանը արձագանքեց. «Մենք ամեն ինչ գործով ենք ցույց տվել, իսկ «Լուսավոր Հայաստանը» ծնվել է ՀՀ քաղաքացիներից ու չի կարելի նսեմացնել քաղաքացիների աջակցությունը մեզ»:
Aysor.am-ի հարցին՝ կաշկանդվա՞ծ չեն լինելու ԱԺ-ում իշխանությանը քննադատելու հարցում, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ ոչինչ իրենց չի կաշկանդելու:
«Կտեսնեք, ավելին ասեմ, իրավիճակն այնպիսին է, որ ուրիշ ընդդիմություն խորհրարդանում չկա», - ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ իրենք «քաչալ շուն, գող փիսո» ձևով քննադատություն չեն ունենալու:
«Մեր բառապաշարում դա չկա», - ասաց Է. Մարուքյանը: