10/12/2018 18:05
Նման մասշտաբի մրցույթի մասնակցելը բացառիկ հնարավորություն ու փորձ է. Սրբուկը պատրաստվում է եվրատեսիլյան բեմելին
2016 թվականից մինչ այսօր Հայաստանն արդեն 12-րդ անգամ է իր պատվիրակությունն ու ներկայացուցիչն ունենում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում՝ մայիսի 14-ից 18-ը: Արդեն իսկ հստակ է՝ այս անգամ Հայաստանը կներկայացնի երգչուհի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը, ով հանրությանն առավել հայտնի դարձավ ուկրաինական «The Voice» նախագծից՝ հասնելով եզրափակիչ փուլ:
Aysor.am-ի հետ զրույցում 24-ամյա երգչուհին նկատեց՝ որոշումներ կայացնելիս, առհասարակ, երկար է ծանրութեթև անում, սակայն այս անգամ գիտեր՝ ինչ է ուզում:
«Սա այն որոշումն էր, որ մեծ ոգևորությամբ կայացրեցի։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի համար նման մասշտաբի մրցույթի մասնակցելը բացառիկ հնարավորություն ու փորձ է», - նշեց նա:
Թեև Սրբուկն առաջին անգամ չի մեծաքանակ հանրության առջև ելույթ ունենալու, բայց այս անգամ հուզմունքը կրկնապատկվել է:
«Երբ մասնակցում էի ուկրաինական «The Voice»-ին, դժվարությամբ էի հուզմունքս զսպում, քանի որ աննկարագրելի պատասխանատու քայլ էր մեծաքանակ հեռուստադիտողների առջև ելույթ ունենալը, մրցելը։ Անցել է մի քանի ամիս, ու հիմա ես մտածում եմ եվրոպական ամենադիտվող երաժշտական շոուին մասնակցության մասին։ Չեմ թաքցնի, հուզմունքն, իսկապես, մեծ է», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Հայաստանը ներկայացնող Եվրատեսիլյան երգը կընտրվի մրցույթի կարգով, որն արդեն հայտարարվել է: Մինչև հունվարի 10-ը կոմպոզիտորներն ու երգահանները [email protected] հասցեին կարող են ուղարկել իրենց ստեղծագործությունները։ Հայտերի ընդունման փուլն ամփոփելուց հետո էլ հստակ կլինի, թե ինչ երգով Հայաստանը կմասնակցի:
Հարցին՝ հայտնի՞ է, թե ովքեր կուղեկցեն երգչուհուն բեմում, պատասխանեց.
«Կարծում եմ՝ դեռ շատ վաղ է այս մասին խոսելը։ Կսպասենք երգին, որն էլ կթելադրի մնացյալի տրամաբանությունը»:
Անդրադառնալով նախորդ տարիներին Հայաստանը ներկայացնող մասնակիցներին՝ Սրբուհի Սարգսյանն ընդգծեց՝ երկրպագել է բոլոր մասնակիցներին, քանի որ տեսել է, թե ինչպե՞ս նրանցից յուրաքանչյուրը փորձում է անել անհնարինը՝ մեր երկիրը պատվով ներկայացնելու համար։ Երգչուհին հավելում է՝ ուրախացել է բոլոր հաջողություններով, տխրել, երբ որոշակի ձախողումներ են եղել։
Սրբուկը չի թաքցնում՝ «Եվրատեսիլ»-ը չափազանց մեծ հարթակ է ծանոթությունների, շփումների, ճանաչելիության բարձրացման համար։ Այն նաև փորձ կուտակելու բացառիկ հնարավորություն է:
Հաճախ է քննարկվում, որ այս մրցույթում առաջնահերթ գնահատվում են ոչ թե մասնակցի ձայնային տվյալները, այլ՝ հաղթում է քաղաքականությունը:
«Երբ բեմում հնչում է երգ, քաղաքականությունը երկրորդ, երրորդ, նույնիսկ տասներորդ պլան պետք է մղվի։ Ես գնում եմ երգի մրցույթի մասնակցելու», - ժպիտով ու հաստատակամ տրամադրվածությամբ Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց «Եվրատեսիլ-2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը: