11/12/2018 16:34
Մեր հայրը ծերանոցում չի ու չի էլ եղել. Ռաֆայել Ջրբաշյանի դուստրերը զայրացած են ու նույնիսկ պատրաստ են դիմել իրավաբանի. տեսանյութ
Շուրջ 4 ամիս է՝ լրատվամիջոցներն ահազանգում են այն մասին, որ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանին ժառանգները տեղափոխել են ծերանոց: Թեև Aysor.am-ը նման չճշտված հրապարակում չի ունեցել, սակայն օրերս զանգ ստացանք Ժողովրդական արտիստի դուստրերից, ովքեր, զայրացած լինելով մի շարք լրատվամիջոցներում ու համացանցում տարածում գտած ապատեղեկատվությունից, առաջարկեցին ցանկացած օր, ցանկացած ժամի այցելել Ռաֆայել Ջրբաշյանի տուն ու պարզել իրողությունը:
Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող 4 սենյականոց համեստ բնակարանում բեմադրիչը արդեն 15 տարի՝ կնոջ մահից հետո, միայնակ է ապրում: Սակայն, հատկապես վերջին տարիներին, 97 ամյա Ջրբաշյանը ոչ մի րոպե մենակ չի մնում. հերթապահություն են սահմանել ու գիշեր-ցերեկ նրան խնամում են դուստրերը՝ ռեժիսոր Նունե Ջրբաշյանն ու Նաիրե Ջրբաշյանը և նրանց զավակները: Ժառանգների բացակայության պահերին էլ տանը պարտադիր խնամակալ է լինում:
«3-4 ամիս որոշեցինք արհամարհել, ուշադրություն չդարձնել, բայց այլևս անհնար էր դիմանալ այդ զրպարտությանը: Որոշ լրատվամիջոցներ որոշել են լայքեր հավաքել, բայց չգիտես ինչու՝ հենց մեզ պախարակելու հաշվին: Բայց արդեն սահմանն անցնում են, այդ անեծքների, «բարեմաղթանքների» շարքը մեզ հունից հանում է: Զանգեցինք ու խոսեցինք մի քանի կայքերի հետ, հասկացան ու սուտ հրապարակումը հեռացրեցին: Բայց սկզբնաղբյուր լրատվամիջոցը ոչ մի կերպ չհեռացրեց իր սուտ հրապարակումը, չնայած, որ ես ու քույրս անձամբ էինք գնացել խմբագրություն», - Aysor.am-ին պատմեց ռեժիսոր Նունե Ջրբաշյանը:
Վերջինս ընդգծում է՝ եթե իրենց վարկաբեկող, անապացույց հրապարակումները շարունակվեն, ապա իրենք ստիպված կլինեն դիմել իրավաբանի աջակցությանը:
Մանրամասն՝ տեսանյութում