11/12/2018 13:04
Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու. Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների առթիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
հարգելի գործընկերներ,
ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը:
Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների և իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ:
Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու:
Հարգելի գործընկերներ,
շնորհավորում եմ նոր խորհրդարանի ձեւավորման առթիվ և հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության»: