11/12/2018 16:06
Աշոտաբերդ թաղամասի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ երեք մարդու կյանք խլած հրդեհից հետո
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում, որտեղ այսօր լուսադեմին հրդեհի հետևանքով 3 հոգի է մահացել, 297 ընտանիքում 1000-ից ավելի բնակիչ է ապրում։
Բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել, քանի որ վտանգը իրենցից յուրաքանչյուրին է սպառնում։
«Թաղամասը 30 տարվա պատմություն ունի, շենքերը բնակիչներին տրվել են 1988-ի երկրաշարժից հետո՝ 10 տարի ժամկետով, սակայն արդեն 20 տարուց ավելի մարդիկ ապրում են այդտեղ։ Շենքերն ամբողջությամբ փայտաշեն կառույցներ են, արդեն փտած, որդեր ու ճիճուներ են ապրում փայտերի մեջ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանավանի քաղաքապետի մամուլի խոսնակ Սարգիս Գոքորյանը։
Նա նշեց նաև, որ ամեն րոպե յուրաքանչյուր բնակարանում կարող է նույն իրավիճակը կրկնվել, քանի որ թաղամասում ապրող 290 ընտանիքներն էլ իրենց բնակարանները ջեռուցում են փայտի վառարանով կամ էլեկտրականության միջոցով, ինչը շատ վտանգավոր է այդ թաղամասի համար։
«Ի պատիվ Ստեփանավանի հրշեջների՝ պետք է ասեմ, որ ահազանգը շուտ է հնչել, իրենք էլ արագ են արձանքել, շենքն ամբողջությամբ չի այրվել։ Տարիներ առաջ էլ նման մի դեպք եղել է, երբ շենքերը դեռ թարմ են եղել, դրանցից մեկն ամբողջությամբ այրվել, մոխրացել է։ Այսինքն՝ վտանգը դեռ կախված է յուրաքանչյուր բնակարանի վրա», - նշեց Սարգիս Գոքորյանը։
Այս պահին, ըստ Գոքորյանի, բանակցություններ են ընթանում։
«Համայնքապետը տարիներ շարունակ կառավարությանը դիմում է ներկայացրել, նկարագրել իրավիճակը։ Դրանք, իհարկե, մերժվել են միջոցներ չլինելու պատճառով, բայց ևս մեկ անգամ համայնքապետարանը պատրաստվում է իրավիճակը ներկայացնել կառավարությունը։ Տեսնենք, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն, որովհետև հարցն օրակարգային է և վտանգն ամեն րոպե կարող է կրկնվել», - տեղեկացրեց Սարգիս Գոքորյանը։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. Հ.-ի (ծնված 1982 թ.) և Ա. Բ.-ի (ծնված 1959 թ.) դիերը, իսկ Դ. Հ.-ին (ծնված 1992 թ.) և Գ. Գ.-ին (ծնված 2006 թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը (մոտ 10 քմ):