11/12/2018 14:38
Նախաքննական մարմինը միջնորդել է 4-րդ անգամ երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը
Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննական մարմինը նոր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան չորրորդ անգամ երկարաձգելու Գրիգորյանի կալանքի ժամկետը, Aysor.am-ին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանի փոխանցմամբ, Գրիգորյանը դատարանում միջնորդության ներկայացման քննության ընթացքում իրեն վատ է զգացել, որի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան, բուժօգնություն է ցուցաբերվել և այժմ քննությունը շարունակվում է։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր հունիսի 16-ին և այնուհետև ԱԺ համաձայնությամբ կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ մանրամասներ էին ներկայացվել, որով տեղեկացնում էին, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերվել է մեծ ծավալի ռազմամթերք։
Ըստ պաշտոնական աղբյուրների, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Արշալույս գյուղի հանգստյան տուն, 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել էին նաև տասնյակ սեփականության վկայականներ:
ԱԺ պատգամավորի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում էին վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա, ըստ նախաքննական մարմնի, պարզ էր դարձել, որ 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: