11/12/2018 16:27
Պաշտպանական կողմը Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալին գրավով ազատ արձակելու մասին։
Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ նախաքննական մարմնի միջնորդություն է ներկայացրել Ղազարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին, սակայն դրա քննությունը դատարանում հետաձգվել է։
«Դատավարական մի քանի գործընթաց է անհրաժեշտ, մենք էլ ենք միջնորդություններ ներկայացրել, դրանց քննությունից հետո միայն կքննարկվի նախաքննական մարմնի միջնորդությունը», - ասաց Հարությունյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին և գրավի կիրառումը ճանաչել էր անթույլատրելի։
Հիշեցնենք՝ ապօրինի հարստացման և փողերի լվացման համար մեղադրվող Վաչագան Ղազարյանի նկատմամբ մեկ անգամ արդեն գրավի խափանման միջոց կիրառվել էր 1 մլրդ դրամի չափով:
Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:
Բացի այդ, Ղազարյանին ու նրա կնոջը վերջերս փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել։