11/12/2018 15:00
Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել
Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ սպանել են Գյումրիի հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը դուրս էր եկել աշխատանքի։
Դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։
Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Տեղեկացնում են նաև, որ կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նկատենք, որ դեպքը կատարվելու օրը մի շարք լրատվամիջոցներ առաջ էին քաշել վարկած, որի համաձայն կատարվածի հեղինակը սլավոնական արտաքինով ռուս զինծառայող է եղել։ Սակայն այդ օրը Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ լրատվամիջոցների հրապարակումները անվանելով անպատասխանատու վարքագիծ։
«Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին:
Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ «ճչացող» վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ:
Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում», - ասված էր ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում։