11/12/2018 19:24
Ինչպես կասեր մեծն Չապլինը, առաջ ես էի ժամանակը վատնում, այսօր ժամանակն է ինձ վատնում. Արմեն Մարգարյանը դարձավ 47 տարեկան
ՀՀ Վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանն այսօր նշում է ծննդյան 47-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը ժպիտով խոստովանեց՝ այնքան արագ անցան տարիները, որ նույնիսկ չի նկատել՝ արդեն 47 է:
«Այսօր, ինչպես միշտ, կնշեմ տանը՝ հարազատներիս շրջապատում: Ասեմ, որ ամեն տարի նշել եմ ծննդյանս օրը՝ անկախ նրանից, թե ինչ տրամադրություն ունեի: Անգամ 40-ամյակիս, երբ որոշել էի չնշել, չստացվեց, միակ տարբերությունն այն էր, որ հյուրերս ցածրաձայն էին շնորհավորում, որպեսզի «չար ուժերը» չլսեն», - ծիծաղելով պատմեց մեր զրուցակիցը:
Դերասանն անկեղծացավ՝ այս խնջույք կազմակերպելու ցանկություն չուներ, ու դրա համար հստակ պատճառ ուներ: Սակայն ամեն ինչ եղավ այնպես, ինչպես միշտ:
«Թեև չէի ուզում ասել, բայց բացառություն կանեմ. վերջերս առողջական խնդիր ունեցա, ինչի պատճառով բժիշկներն ինձ համար հատուկ սննդակարգ նշանակեցին: Ժամանակավոր արգելեցին նաև ոգելից խմիչք օգտագործելը: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ որոշել էի այս տարի ծննդյանս տոնը կամ շատ ավելի համեստ նշել, կամ՝ ընդհանրապես չնշել: Բայց արի ու տես, որ ընկերներս ընդդիմացան, ու այս անգամ էլ չստացվեց խուսափել», - կատակեց նա:
Հոբելյարին առաջին շնորհավորողները ընտանիքի անդամներն ու մտերիմներն են եղել: Նվերների հարցում էլ կամակոր չէ: Ասում է՝ Աստծուց տրված ամենամեծ նվերն ի սկզբանե է ստացել, մնացածը՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերում:
«Բացի ընտանիքիցս, ինձ առաջինը շնորհավորել են նաև իմ լավ բարեկամներից ամուսիններ Զավենն ու Աիդան: Ի դեպ, հաշվի առնելով իրենց պրոդյուսերական գործունեությունը՝ ասացի, որ այս տարի միասին մի հետաքրքիր նախագիծ պետք է անենք… Ինչ վերաբերվում է նվերներին, իհարկե, սիրում եմ ստանալ, բայց առավել շատ սիրում եմ նվիրել: Աստծուց ես ստացել եմ ինձ համար ամենամեծ նվերը՝ կյանքը, որտեղ ապրում են ինձ շրջապատող հիանալի մարդիկ: Այդ առումով ես հարուստ մարդ եմ», - նկատեց Արմեն Մարգարյանը:
Հարցին, թե ո՞րն է ամենահիշվող և տպավորիչ ծննդյան տարեդարձը, հուզմունքով ընդգծեց.
«Այն բոլոր ծնունդները, երբ սեղանի շուրջ հավաքված էին մարդիկ, ովքեր այսօր կողքիս չեն՝ հայրս, տատիկս ու պապիկս: Դրանք իմ պատանեկության տարիների ծննդյան օրերն էին»:
Անդրադառնալով ապրած 47 տարիներին՝ դերասանն առանձնացրեց ձեռքբերումներն ու անհրաժեշտությունները.
«Ինձ տրված հնարավորությունների համար ես գոհ եմ կյանքից: Գոհ եմ իմ հիանալի մասնագիտության համար, որում քիչ թե շատ դրսևորվել եմ: Բայց ամենամեծ ձեռքբերումս իմ ստեղծած ընտանիքն է: Անհրաժեշտությունների առումով կասեմ՝ ունեմ ժամանակի պակաս: Ինչպես կասեր մեծն Չապլինը՝ առաջ ես էի ժամանակը վատնում, այսօր ժամանակն է ինձ վատնում»:
Ասում են, ծննդյան օրերի ցանկություններն իրականություն են դառնում: Արմեն Մարգարյանն իր համար կարևոր այս օրը ինքն իրեն միայն մեկ մաղթանք ունի՝ համբերություն ու առողջություն: Ասում է՝ այդ երկուսն անհրաժեշտ են, որպեսզի վայելի իր՝ վերը նշված ձեռքբերումներն ու արդեն նոր Հայաստանում երջանիկ ապրելու երազանքն ու հնարավորությունը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է ՀՀ Վաստակավոր արտիստին՝ մաղթելով գործնական ու անձնական նորանոր վերելքներ: