11/12/2018 14:11
ՀՖՖ-ն սկսում է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը. հայտնի են հավակնորդները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է ընտրել լավագույն երեքին: Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկությանը մասնակցելու է նաև Aysor.am-ը։
Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ և/կամ ակումբներ, կամ այլևս չեն հանդիսանում որևէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից չի ներկայացնում թեկնածուների ցուցակ: Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: