13/12/2018 21:59
Գյումրիում հայ կնոջը մահվան ելքով դաժանորեն ծեծելու կասկածանքով ձերբակալված ռուս զինծառայողը կալանավորվել է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և կալանավորել ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին, որը ձերբակալվել էր Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով։
Հիշեցնենք, ծեծի հետևանքով Գյումրիի հավաքարար 57-ամյա կինը մահացել է։
«Դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը», - Aysor.am-ին ասաց Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապի վարչության պետ Արման Խաչատրյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ սպանել են Գյումրիի հավաքարար 57-ամյա կանանցից մեկին, որը դուրս էր եկել աշխատանքի։ Դաժան ծեծի ենթարկված կնոջը չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է։
Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։