13/12/2018 12:25
ԼԳԲՏ ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկներում պահվում են առանձին խցերում, անգամ սնունդը նրանց առանձին շերեփներով է մատուցվում. Դիտորդ
Քրեակատարողական հիմնարկներում ԼԳԲՏ ազատազրկված անձիքն խտրական վեաբերմունքի են արժանանում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հանրային քննարկման ժամանակ ասաց դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ ԼԳԲՏ համայնքին պատկանող անձինք համարվում են ամենացածր խավ, պահվում են առանձին խցերում և անգամ սնունդը նրանց առանձին շերեփներով է մատուցվում:
«Բազմիցս բարձրաձայնել ենք այս խնդիրները, բայց երբ այդ անձինք տեղափոխվում են այլ խցեր, որպես կանոն, դրանք կրկին տարբերվում են իրենց կարգավիճակով: Նրանց խցերում միջատներն ամենուր են՝ ափսեի մեջ, զուգարանում, կոշիկի մեջ և այլն», - նշեց նա՝ ընդգծելով, որ դիտորդական խումբը ոչ թե հոռետեսորեն է տրամադրված, որ համակարգում փոփոխություններ չեն կատարվում, այլ շահագրգիռ է, որ այդ բարեփոխումները նաև խոցելի խմբին վերաբերեն:
Հովհաննիսյանը նկատեց՝ քրեակատարողական հիմնարկներում մաքրման աշխատանքների մեջ ներգրավվում եմ բացառապես ԼԳԲՏ համայնքի անձինք ու թեև սանիտարահիգիենիկ աշխատանքների համար ՔԿՀ-ներում հաստիք չկա, և այնտեղ մարդիկ ընդգրկվում են սեփական ցանկությամբ՝ դիմում ներկայացնելով, բայց դիտորդներին համոզիչ չի թվում այն հանգամանքը, որ նման աշխատանքներում ընդգրկվելու պատրաստակամություն են հայտնում ԼԳԲՏ ներկայացուցիչները:
Նա ընդգծեց, որ այս մասով նաև դիմել են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, մինչդեռ վերջինս ի պատասխան հղում է արել օրենքով գործող կարգավորմանը, որի համաձայն՝ տվյալ աշխատանքներում ընդգրկվում են ազատազրկված անձինք՝ սեփական դիմումի համաձայն:
Անդրադառնալով բարձրաձայնված խնդրին՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ասաց, որ խոցելի խմբերի դիտարկման հիմքում ոչ թե դիտորդների կարծիքները պետք է ընկած լինեն, այլ՝ միջազգային պրակտիկան, որը ցույց է տալիս՝ բոլոր ազատազրկվածներն ընդգկված են նման աշխատանքներում, ինչը հաշվի է առնվում համաներման և այլ հարցերում:
«Հավաքարարի համար առանձի հաստիք հատկացնելը նպատակահարմար չէ, հակառակը՝ բոլորը պետք է աշխատեն: Աշխատանքը սոցիալական գործիք է, որով դատապարտյալը կփոխհատուցի հասարակությանը պատճառած վնասը», - նշեց նա:
Ինչ վերաբերում է խցերին, Քրմոյանը նշեց, որ ՔՀԿ-ներում գերբնակեցման հարցը լուծելուց հետո այդ անձինք ավելի հարմար խցեր կտեղափոխվեն: Փոխնախարարի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ քրեակատարողականներում եղած խնդիրները կփորձեն լուծել նորոգման միջոցով, մինչև նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելը, որը նախատեսում է 1100 տեղ: