13/12/2018 14:35
Արմեն Գևորգյանի պաշտպանությունը հույս ունի, որ արդար դատական ակտ կկայացվի (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ընդմիջվեց և կշարունակվի ժամը 15:00-ին: Դատական նիստերի դահլիճից դուրս եկավ միայն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, իսկ Գևորգյանը դատարանից հեռացել էր հետնամուտքով:
Փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք պահանջել են լրացուցիչ նյութեր դրանց ծանոթանալու, որոնք հետագայում հնարավոր է կալանավորման հիմքերի վիճարկման համար անհրաժեշտ լինեն:
Արդեն տեղեկացրել ենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվեց 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի, Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել: Այս քրեական գործով Գևորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Երկար ժամանակ Գևորգյանի վերաբերյալ իրավապահ մարմինները լռում էին: Սակայն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո սկսեցին խոսել. Դեկտեմբերի 11-ին հայտարարվեց, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:
Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի վարույթում:
Էրիկ Ալեքսանյանը, վկայակոչելով նախաքննական գաղտնիության սկզբունքը, հրաժարվեց հայտնել մանրամասներ. «Բոլոր փաստական հանգամանքները գաղտնի են, ես հրապարակել չեմ կարող»:
Փաստաբանը, սակայն, ներկայացրեց, որ Արմեն Գևորգյանը ցուցմունքներ տվել է, դիրքորոշում հայտնել է, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Լրագրողների հարցերին ի պատասխան փաստաբանը սահմանափակ տեղեկություններ էր տրամադրում: Մասնավորապես, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մասին մեղադրանքի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ չի կարող ասել, թե որքան գումարի մասին է խոսքը և հատկապես չպատասխանեց հարցին, ե արդյոք Սիլվա Համբարձումյանի հետ առերեսում ունեցել է:
«Նախաքննության գաղտնիության սկզբունքն է ստիպում լռել», - ասաց Ալեքսանյանը:
Դատարանում Արմեն Գևորգյանը դեռևս չի խոսել, քանի որ պաշտպանական կողմը դեռ լսում է նախաքննական մարմնի ներկայացուցչին. քննիչը դեռ միջնորդության բովանդակությունն է ներկայացնում:
Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը կալանվորելու մասին միջնորդության ներկայացման հիմքում նշում է, որ Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել նախաքննության իրականացմանը՝ թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, ազդեցություն գործադրելով այլ անձանց վրա:
«Մենք առարկություններ ունենք այդ ամենի վերաբերյալ և դրանք կներկայացնենք, երբ դատական նիստը շարունակվի», - ասաց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ արդար դատական ակտ կկայացավի: