13/12/2018 10:54
Թերեզա Մեյը կմնա վարչապետի պաշտոնում, սակայն մինչև 2022-ը կհեռանա
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն են հայտնել Թերեզա Մեյին:
Թերեզա Մեյի՝ կուսակցության առաջնորդ մնալու օգտին քվեարկել է 200 պատգամավոր, դեմ՝ 117-ը: Քվեարկությունը եղել է գաղտնի:
Այսպիսով, Մեյը մնում է պահպանողականների կուսակցության առաջնորդը և պահպանում վարչապետի պաշտոնը: Այժմ մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի կարողանա վերստին Մեյին՝ որպես կուսակցության առաջնորդի անվստահություն հայտնելու քվեարկություն նախաձեռնել:
«Ես շնորհակալ եմ պաշտպանության համար, սակայն մեծ թվով գործընկերներ քվեարկել են իմ դեմ, և ես լսում եմ նրանց», - հայտարարել է Մեյը քվեարկությունից հետո՝ հավելելով, որ մտադիր է շարունակել աշխատանքը:
Իրենց առաջնորդի նկատմամբ վստահության հարցի շուրջը պահպանողականների քվեարկությունից քիչ առաջ Թերեզա Մեյն ասել է, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան համընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2022 թվականին: