13/12/2018 11:40
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից
Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը և այժմ Հարությունյանն ազատ է։
Վերաքննիչ դատարանը այդ մասին որոշումը կայացրել է դեկտեմբերի 12-ին, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել և առայժմ չի կարող տեղեկացնել՝ ինչի հիման վրա է իր պաշտպանյալն ազատվել կալանքից։ Այդուհանդերձ, նա դատարանի որոշումը դրական գնահատեց։
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, փաստաբանն ասաց, որ Հարությունյանն այժմ շարունակում է բուժման կուրսը Մոսկվայում և ավարտելուն պես կվերադառնա։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը Վահագն Հարությունյանին մեղադրում էր մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մեղադրանքն անհիմն է։ Բացի մեղադրանք առաջադրելուց, նախաքննական մարմինը հետախուզում էր հայտարարել նրան, այն դեպքում, երբ Հարությունյանը ծանուցել էր ՀՔԾ-ին իր գտնվելու վայրի մասին։
«Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», - մեզ հետ զրույցում ասել էր Վահագն Հարությունյանը: