14/12/2018 16:11
Արմեն Գևորգյանը չկալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, և 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Արմեն Գևորգյանը չկալանավորվեց։
«Ես բոլոր պրոցեսներին նայում եմ մեծ օպտիմիզմով», - մինչև դատական նիստի մեկնարկը հայտարարել էր Գևորգյանը։
Հարցին, թե ծանր մեղադրանքների մեջ ի՞նչ օպտիմիզմ է տեսնում, Գևորգյանը պատասխանել էր. «Մեղադրանքները ծանր են, բայց գլխավորը, որ ես դրանք չեմ ընդունում»։
Արդեն տեղեկացրել ենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:
Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:
Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: