14/12/2018 12:18
Արման Թաթոյանն այցելել և առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթոյանը։
«Այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առանձնազրույց ունեցել։ Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը», - ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ են նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում։
Հարցին, թե կոնկրետ ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը պատասխանեց.
«Այս պահին չեմ կարող դրանք բարձրաձայնել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում և ես պարտականություն ունեմ նաև երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ Քննարկման, կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ»։
Թաթոյանն ասաց նաև, թե մարդու իրավունքների պաշտպանի համար որևէ նշանակություն չունի այն հանցանքը, որի մեջ մարդը մեղադրվում է կամ այն հասարակական ընկալումները, որ կան այդ մարդու հետ կապված։
«Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Ես ոչ թե աշխատում եմ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ կատարում եմ իմ գործառույթը։ Դա միշտ է եղել այդպես և այդպես են արել մարդու իրավունքների բոլոր պաշտպանները», - նկատեց Արման Թաթոյանը։
Պաշտպանն ասաց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքի հետ կապված։