14/12/2018 16:37
Շարունակելու ենք աշխատել ու ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը. Արմեն Գևորգյան
Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում, այնքանով, ինչքանով հաշվի են առնվել մեր փաստարկները, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումից հետ հայտարարեց նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր մերժել ՀՔԾ-ի միջնորդությունը Գևորգյանին կալանավորելու մասին։
Այդուհանդերձ, ըստ նախկին պաշտոնյայի, դա չի նշանակում, որ այսպիսով գործն ավարտվել է։
«Մենք շարունակելու ենք աշխատել, մենք շարունակելու ենք ներկայացնել նաև մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը, ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը», - հայտարարեց Գևորգյանը։
Նա նկատեց, որ արդեն երկու օր է՝ բացակայում է աշխատանքից ու իր գործատուն դրա պատճառով վրդովված է։
«Թույլ տվեք գնամ գործի», - ժպտալով ասաց Գևորգյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։
Այդուհանդերձ, լրագրողները հիշեցրին երեկ փաստաբանի խոսքը, որ եթե դատարանը մերժեց միջնորդությունը, Արմեն Գևորգյանը հանրությանը կփոխանցի դատարանում արած իր հայտարարությունը։
Ի պատասխան՝ նախկին պաշտոնյան ասաց. «Իմ հայտարարությամբ ես փորձել եմ ներկայացնել իմ անցած ճանապարհը, ինչով եմ զբաղված եղել վերջին 20 տարիներին՝ վերադառնալով Հայաստանից, ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, իմ կարծիքով ինչ օգուտ եմ բերած եղել մեր պետությանը և խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան»։
Ինչ վերաբերում է մարտիմեկյան իրադարձություններին իր առնչությանը, Գևորգյանն ասաց, որ քննությունը կպարզի բոլոր հանգամանքները և հավելեց.
«Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մինչ այժմ կայացված վճիռներ կան, որոնցում արձանագրված է՝ ով ինչ մեղք է ունեցել։ Ինձ համար նույնպես անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոփոխվել, լրացվել է՝ հաշվի առնելով, որ երբ օգոստոսին արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքն առաջադրվել էր իմ նկատմամբ, այն ժամանակ արդեն մյուսներին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն առաջադրվել էր։ Ի՞նչ փոխվեց 4 ամիսների ընացքում, չգիտեմ։ Խնդրում եմ՝ ժամանակ տվեք մի փոքր մտածեմ, գուցե առաջիկա օրերին մամուլի ասուլիս հրավիրեմ, կպատասխանեմ բոլոր հարցերին»։
Արդեն տեղեկացրել ենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:
Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:
Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: