14/12/2018 11:04
ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը
Գյումրիում դեկտեմբերի 3-ին քաղաքի հավաքարար կնոջը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից դաժանորեն ծեծելու և մահ պաճառելու դեպքի կապակցությամբ դժգոհության ալիք է բարձրացել. շատերը կատարվածը համեմատել էին գյումրեցի ընտանիքի սպանության դեպքի հետո, որը դարձյալ կատարել էր ռուս զինծառայող Վ. Պերմյակովը։
Այդ առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է կալանավորվել։
Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։