14/12/2018 14:29
ԵՄ-ի գագաթնաժողովը հաստատում է՝ Brexit-ի շուրջ նոր բանակցություններ չեն լինի
Եվրախորհուրդը եզրակացությամբ հաստատել է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին և հաստատել քաղաքական հռչակագիրը:
«Միությունը պաշտպանում է այդ համաձայնագիրը և մտադիր է ձեռնամուխ լինել դրա վավերացմանը: Նա համաձայն չէ կրկնակի բանակցություններին»,- ասված է եզրակացությունների տեքստում, որը տարածվել է հինգշաբթի երեկոյան Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի նիստերի առաջին օրվանից հետո:
Եվրախորհրդը հաստատել է Brexit-ից հետո Լոնդոնի հետ առավելագույն սերտ հարաբերություններ հաստատելու և այդ հարցի շուրջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անմիջապես հետո բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:
Տեքստում նշվում է, որ ԵՄ-ն պնդում է Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր որոշման ճիշտ լինելը, որը վեճերի տեղիք է տալիս բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում: Եվրախորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում այդ պլանի գործարկման դեպքում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարել սահմանի խնդրի լուծման այլընտրական տարբերակների շուրջ:
Եվրախորհուրդը կոչ է արել ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները Brexit-ի բոլոր տարբերակների՝ այդ թվում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալու շուրջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, լքելով նիստերի դահլիճը, որևէ հայտարարություն չի արել լրագրողներին: