14/12/2018 17:26
Հայաստանն՝ առանց որբերի. դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հիմնած կազմակերպությունն աջակցելու է մանկատներում հայտնված փոքրիկներին և նրանց ընտանիքներին
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը և գեղանկարիչ Կարեն Արայանն օրերս այցելել էին Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին ընդգծեց՝ մանկատան երեխաներին աջակցություն ցուցաբերելու մտահղացումը ծնվել է դեռևս տարիներ առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեց Իսրայել:
«2012 թվականին Իսրայել էի մեկնել, ու իմացա, որ այնտեղ, առհասարակ, մանկատներ չկան: Ամբողջ ներաշխարհս իրար խառնվեց, ու այդ օրվանից անընդհատ մտածում էի՝ ինչո՞ւ Հայաստանում ևս չփորձենք այնպես անել, որ երեխաներն առավել ապահով լինեն: Այսօր Հայաստանում շատ կան անապահով ընտանիքներ, որոնք ճարահատյալ իրենց երեխաներին մանկատուն են հանձնում՝ հույս ունենալով, որ փոքրիկներն այնտեղ գոնե սոված չեն մնա», - նշեց մեր զրուցակիցը:
Ալինա Մարտիրոսյանն անմիջապես ձեռնամուխ եղավ մտահղացման իրականացմանն ու հիմնեց «Ագապե» բարեգործական-հասարակական կազմակերպությունը, որի կարգախոսն է՝ «Հայաստանն՝ առանց որբերի»:
Թղթաբանության երկարատև գործընթացն ավարտելուց հետո ծրագրի շրջանակներում դեկտերմբերի 11-ին ամուսիններն առաջին այցելությունն իրականացրեցին: Անդրանիկ ընտրությունը կանգ էր առել «Զատիկ» երեխաների աջակցության կեննտրոնի վրա, որտեղ բնակվում են անապահով ընտանիքների երեխաներ: Այցելուներն իրենց հետ փոքրիկներին քաղցրավենիք ու սնունդ էին տարել:
«Երեխաներն այնքան կարոտով են սպասում այցելուներին, շատ-շատ էին ուրախացել մեր գնալուց: Մի փոքրիկ աղջիկ ինձ գրկախառնվել ու բաց չէր թողնում, խնդրում էր, որ մնամ: Նրանք ուշադրության, ջերմության, սիրո կարիք ունեն», - հուզմունքով մանրամասնեց դերասանուհին:
Ի դեպ, բարեգործական-հասարակական կազմակերպությունն առանձնանում է նրանով, որ տրամադրում է ոչ միայն նյութական և հոգեբանական օգնություն, այլև՝ բժշկական: Հենց այդ նպատակով էլ նրանց հետ մանկատուն էր ուղևորվել նաև դիմածնոտային վիրաբույժ, ատամնաբույժ Սուրեն Աբրահամին, ով հենց տեղում ծանոթացավ երեխաների առողջական խնդիրներին ու ժամանակացույց կազմեց՝ ո՞վ ի՞նչ բժշկական միջամտության կարիք ունի և երբ այն կիրականացվի: Այս երեխաների համար բժշկական ծառայություններն անվճար են լինելու:
Հատկանշական է, որ այցելության ընթացքում դերասանուհուն ու գեղանկարչին միացել էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանը:
Տեսաուղերձով իրենց աջակցությունն են հայտնել նաև մշակութային գործիչները՝ Հարություն Փամբուկչյանը, Արա Գևորգյան, Սարգիս Գրիգորյանը, Շաքե Թուխմանյանը, Լևոն Շարաֆյանը, Սամվել Սարգսյանը, Աշոտ Ղազարյան, Արսինե Նավասարդյանը և այլք:
Նախաձեռնությանն իրենց աջակցությամբ միացել են քաղցրավենիքի խանութներից մեկն ու ընկերություններից մեկի տնօրեն Վարուժան Մանուկյանը:
«Հայաստանն՝ առանց որբերի» խորագիրը կրող ծրագրի 6 կարևոր ու առանցքային կետերից է այն, որ նախաձեռնողները կարողանան մանկատանը գտնվող երեխաների ընտանիքներին ապահովել աշխատանքով, որպեսզի վերջիններս իրենց զավակներին ընտանիք վերադարձնեն:
«Մեծ է ցանկությունս, որ կարողանանք նաև որդեգրման ծրագիրը կյանքի կոչել: Շատ են զանգերը, երբ մարդիկ ուզում են երեխաներ որդեգրել, բայց որոշ չափանիշներ թույլ չեն տալիս: Օրինակ՝ Վանաձորից մի հրաշալի ընտանիք մեծ ցանկություն ունի երկկողմանի ծնողազուրկ երեխա որդեգրելու, բայց քանի որ նրանք վարձակալության հիմունքներով են բնակվում, չեն կարողանում… Հուսով եմ՝ կկարողանանք այս հարցերը լուծել, հատկապես, որ շատ են արձագանքները Եվրոպայի տարբեր հայ համայնքներից, ովքեր պատրաստ են օգնել ընտանիքներին: Ֆրանսիայի համայնքից մի աղջիկ էլ մեզ հետ պայմանավորվեց, որ այնտեղի հայ համայնքի երեխաներն ու Հայաստանի մանկատների փոքրիկները ժամանակ առ ժամանակ տեսազանգի միջոցով շփվեն, հնարավորության դեպքում գուցե կարողանանք կազմակերպել նրանց այցելությունը Հայաստան ու մեր երեխաների այցելությունը՝ Ֆրանսիա», - մանրամասնեց նա:
Հաջորդ այցելությունը նախատեսվում է Խարբերդի մանկատուն: Ալինա Մարտիրոսյանը կոչ է անում բոլոր բարի մարդկանց՝ միանալ իրենց ու բարի այս գործն առավել մեծ թափով իրականություն դարձնել: