14/12/2018 19:04
«Ձյունանուշ» ֆիլմն իրական հեքիաթ է. նոր մանկական արկածային-կատակերգական ֆիլմն արդեն էկրաններին է
Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ հայկական «Ձյունանուշ» մանկական արկածային կատակերգության անդրանիկ ցուցադրությունը, որի ռեժիսորն է «Հայասա ֆիլմ» ընկերության հիմնադիր Արմեն Սիմոնյանը: Մինչ պրեմիերան, ստեղծագործական խումբը հանդիպեց լրագրողների հետ ու տեղեկացրեց՝ ամանորյա ֆիլմի հիմնական հերոսները փոքրիկներ են:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են շուրջ մեկ տարի առաջ: Իրադարձությունները տեղի են ունենում Ամանորի ընթացքում:
«Երեխաները այցելում են դպրոց՝ մասնակցելու տոնական հանդեսին, ծանոթանում են իրական Ձմեռ պապին ու Ձյունանուշին և ընկնում արկածների մեջ: Բոլորս էլ փոքր ժամանակ հավատացել ենք հրաշքներին, նամակներ ենք գրել: Այս երեխաներն էլ նամակներ են գրում ու իրենց ցանկություններն իրականանում են», - մանրամասնեց ռեժիսորը:
Ձյունանուշին մարմնավորող Շուշաննա Թովմասյանը նկատեց՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու սա իր առաջին փորձն էր:
«Ջանք ու եռանդ չենք խնայել, որ ֆիլմը երեխաների համար տոն դառնա: Հուսով եմ, սա խթան կհանդիսանա, որ առավել շատ մանկական ֆիլմեր ստեղծվեն, ինչի պակասը հայկական կինոարտադրությունում կա: Երեխաներին չպետք է աչքաթող անել: Ասեմ, որ նրանց հետ աշխատելը մեծ պատասխանատվություն ու համբերություն է պահանջում, բայց երբ ընկերացանք՝ գործն առավել լավ արդյունք ունեցավ», - նշեց դերասանուհին:
Բեմադրող օպերատոր Վարդգես Մանուկյանը, մինչ նկարահանման սկսելը, միայն մեկ մտավախություն ուներ՝ ինչպե՞ս է կարողանալու նկարահանման հրապարակում գտնվող երեխաների հետ ձմռան ցուրտ գիշերներին «լեզու գտնել»:
«Սակայն այնքան տաք էր նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը, որ գրեթե չէինք զգում, որ ձմեռ է: Երևանը մեր տունն էր դարձել, 20-24 օր քնում ու արթնանում էինք դրսում», - ժպիտով պատմեց նա:
Նկարահանվել են նաև Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Տարոն Իսպիրյանը… Լուիզա Ներսիսյանի դիտարկմամաբ՝ վերջին շրջանում կինոարտադրողները «թամբալացեն» են երեխաներին հրաշքներ մատուցելու հարցում:
«Նման ֆիլմեր քիչ են նկարահանվում, ու շատ ոգևորվեցի, որ ինձ այսպիսի սցենար առաջարկեցին: Մանկությունից խլել հեքիաթն՝ արդար չի: Սա շատ կարևոր աշխատանք է, քանի որ երեխաներին «խափելը» դժվար բան է, պետք է կարողանաս բնական խաղալ, որ նրանք քեզ հավատան: Ես հիացած եմ Էլենի խաղով, ում հետ կարող ես հավասարը-հավասարի պես զրուցել ու աշխատել: Ես իրեն վերաբերվում եմ որպես կոլեգա: Մյուս փոքրիկների հետ, ցավոք, չեմ նկարահանվել», - ընդգծեց դերասանուհին:
Երեխաների դերերում հանդես են եկել Ալեքսանդր Մանուկյանը, Էլեն Կարապետյանը, Անահիտ Այվազյանը և այլք: Ալեքսանդր Մանուկյանը չթաքցրեց՝ իր համար ամենահաճելին ամռան քառօրյա նկարահանումներն էին: Փոքրիկ Անահիտի համար էլ ամենահետաքրքիր տեսարանները քաղաքից դուրս անցկացրածներն էին:
Մի քիչ բարդ էր ձմեռը սիրող Էլեն Կարապետյանի համար: Ասում է՝ ինքը լողալ չգիտեր, բայց ստիպված էր լողավազանում հայտնվել:
Սցենարի հեղինակն է Անահիտ Արփենը, համահեղինակը՝ Ռազմիկ Մինասյանը:
Բացի մասնավոր ընկերություններից, ֆիլմին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Ազգային կինոկենտրոնը:
Ֆիլմն էկրաններին կլինի մինչև հունվարի 13-ը, այնուհետև՝ հանդիսատեսը կորոշի՝ այն կշարունակվի ցուցադրվել, թե՞ ոչ:
Ի դեպ, առաջիկա շաբաթվա ընթացքում «Ձյունանուշ»-ը կցուցադրվի նաև մանկատներում: