15/12/2018 16:19
Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. գրանցվել է 3 մլն հարձակում. ԱԱԾ
2018 թվականի ընթացքում կտրուկ աճել են Հայաստանի պետական կայքերի նկատմամբ հաքերային հարձակումները, այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանը։
Այս տարվա ընթացքում, նրա տվյալներով, արդեն իսկ արձանագրվել է 3 մլն հաքերային հարձակում պետական կայքերի նկատմամբ։
«Հարձակումների հետևանքով կայքերի աշխատանքը դանդաղում է, բայց դա վնաս չենք կարող դիտարկել։ Այսինքն՝ հաքերները չեն հասել իրենց նպատակին», - ասաց Քինակցյանը՝ ընդգծելով, որ կիբերհանցագործության դեմ պայքարի մասնագետները խափանել են հաքերների գրոհները։
Հարձակումների մեծ մասը Ադրբեջանից է եղել, եղել են գրոհներ նաև եվրոպական երկրներից, սակայն, հիմնականում, ըստ ԱԱԾ պաշտոնյայի, նախաձեռնությունը եղել է Ադրբեջանից։
Քինակցյանը հարձակումների նման աճը պայմանավորեց Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած փոփոխություններով, ինչով փորձ է արվել արտաքին ազդեցություն ունենալ գործըթացների վրա։ «Բայց նշեմ, որ մենք պատճառների մասին հատուկ հետազոտություն չունենք», - հավելեց պաշտոնյան։