17/12/2018 11:28
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան
Այս պահի դրությամբ համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի քան 1000 շահառուհի նկատմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ մայիս-նոյեմբեր ամիսների հաշվետվությունը ներկայացնելով:
Նրա խոսքով՝ ավելի քան 108 հազար անձի նկատմամբ կիրառվել է վարչական համաներում, կարճվել է ավելի քան 1 մլն 260 հազար վարույթ:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Երևանի 3, Գյումրիի, Վանաձորի և Գորիսի 1 բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնադրել բաժանմունքներ, որտեղ իրենց բուժումը կարող են ստանալ դատապարտյալ անձինք:
«Դա հնարավորություն կտա ավելի փոքր ռեսուրսներով ավելի շատ դատապարտյալների ապահովել բժշկական ծառայություններով», - ասաց նա:
Զեյնալյանն ընդգծեց, որ այս կառավարության օրոք սկսել է գործարկվել պատիժը պայմանական վաղաժամկետ դադարեցնելու ինստիտուտը, որի արդյունքում շուրջ 240 անձ վաղաժամկետ ազատ է արձակվել, ինչը կազմում է ներակայացված միջնորդությունների ավելի քան 1/3-ը:
«Ներկայացվել են նաև միջնորդություններ ցմահ դատապարտյալ անձանց վաղաժամկետ ազատման նպատակով, որից մեկը բավարարվել է, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել», - նկատեց Զեյնալյանը:
Խոսելով համակարգում եղած բարեփոխումների մասին՝ նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ կալանավորված անձանց թույլատրվել է ազատազրկման վայրերում ձեռք բերել անձը հաստատող փաստաթուղթ, ինչը հնարավորություն կտա նրանց քրեակատարողական հիմնարկներում իրականացնել իրենց քաղաքացիական իրավուքնները: