17/12/2018 11:57
Հետապնդում է, շանտաժ, շորթում, ահաբեկչություն. Զեյնալյանը՝ ԱԱԾ տնօրենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին
Այս կառավարության գործունեության արդյունքում արդարադատության նախարարը որևէ դատավորի որևէ հրահանգ չի տվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հաջողվեց անկախ դատական համակարգ ձևավորել՝ հաշվի առնելով ԱԱԾ տնօրենի և վարչապետի պաշտոնակատարի հեռախոսային զրույցը, որից տպավորություն է, թե վարչապետի պաշտոնակատարը հրահանգներ է տալիս դատական համակարգին:
«Ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել ձայնագրությունները: Դրանք կատարվել են կոնկրետ նպատակով, և դրանց հրապարակումը դոզավորված իրականացվում է կոնկրետ նապատակով՝ դա հետապնդում է, շանտաժ է, շորթում է, ահաբեկչություն է: Եթե մենք տուրք տանք գայթակղությանը և քննարկման առարկա դարձնենք դրանց բովանդակությունը, կդառնանք գաղտնիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց գործիք», - ասաց Զեյնալյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Յութուբում» հրապարակված իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսումը, որում խոսվում էր այդ ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին: