18/12/2018 14:32
Ազգային ժողովը վերջնականապես ձևավորված կլինի դեկտեմբերի 21-ին, երբ պատգամավորները պաշտոնապես կգրանցվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հրավիրվելիք հերթական նիստում գրանցելու է Ազգային ժողովի պատգամավորներին, որի արդյունքներով կկազմվի համապատասխան արձանագրություն։ Հենց այդ օրը պաշտոնապես կհայտարարվի, որ Ազգային ժողովը վերջնականապես ձևավորված է։
Այս ժամկետը կարող էր հետաձգվել, եթե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ընտրությունների արդյունքները վիճարկեր Սահմանադրական դատարանում։ Սակայն հայտնի է, որ որևէ ուժ չի պատրաստվում դիմել այդ քայլին, հետևաբար դեկտեմբերի 21-ին նորընտիր պատգամավորների գրանցումը կկատարվի անխոչընդոտ։
Երբ արդեն ընտրական օրենսդրության համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգրանցի պատգամավորներին, այդ օրը պաշտոնապես կհայտարարվի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը։
Aysor.am-ի տեղեկություններով, սակայն, խորհրդարանի անդրանիկ նիստը կկայանա հունվարի 14-ին։ Բանն այն է, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի։ Կազմավորումը դեկտեմբերի 21-ին է, իսկ դրան հաջորդող 2-րդ երկուշաբթին՝ հունվարի 7-ն է։ Սակայն քանի որ հունվարի 7-ը Հայաստանում մեռելոց է, ապա որոշվել է մեկ շաբաթով ևս հետաձգել ԱԺ նիստը։
Նկատենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորումից հետո վարչապետ չի ընտրի. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին ԿԸՀ նիստում պաշտոնապես հայտարարվել էին ընտրությունների վերջնական արդյունքները, որի համաձայն խորհրդարան է անցնում երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որը կունենա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 մանդատ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։