19/12/2018 13:06
«Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքը կա». Հայաստանում առաջին անգամ քննարկման է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) մշակել են հակակոռւպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ, որը շուտով կընդունվի կառավարության կողմից։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը այսօր քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ նախագծի շուրջ ընթանում են մասնակցային քննարկումներ տարբեր կազմակերպությունների ու պատկան մարմինների հետ միասին։
«Արդարադատության նախարարությանն ու վարչապետին խնդրել ենք, որ երկու ամսով հետաձգեն այս ռազմավարության ընդունումը, որպեսզի մասնագիտական հանրությունը կարողանա լայն կերպով մասնակցություն ունենա ռազմավարության և միջոցառումների վերջնական տարբերակի մշակման հարցերում։ Եթե համաձայնություն ստանանք, նախատեսում ենք փետրվարին կառավարության հետ միասին մեծ աշխատաժողով կազմակերպել», - ասաց Զադոյանը։
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ նախագիծը առաջինը քննարկվում է քաղհասարակության ներկայացուցիչների հետ և հետո միայն այսօր կուղարկվի բոլոր պետական մարմիններին։
Քրմոյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը, որում քննարկվում է հակակոռուպցիոն 4 տարիների ռազմավարական նախագիծը, աննախադեպ է։
«Մենք ունենք աննախադեպ մեծ վստահություն կառավարության կողմից հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է կառավարության քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարելու և կարճ ժամանակում տեսանելի արդյունքների հասնելու հարցում։ Քաղաքական կամքի կոմպոնենտը, որը բազմաթիվ անգամ քննարկվում էր, կարծում եմ՝ այսօր կասկած չի հարուցում։ Կասկած չի հարուցվում նաև հասարակության վստահությունը կառավարության կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ», - հայտարարեց Քրմոյանը։
Կառավարության ներկայացուցիչը նկատեց, որ նախկինում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում միջազգային կազմակերպությունները արձանագրում էին խնդիրներ՝ հասարակությունը քիչ վստահություն ուներ կառավարության նկատմամբ, հետևաբար չէր մասնակցում միջոցառումներին։ Սակայն իրավիճակը, ըստ փոխնախարարի, փոխվել է ու բոլորն էլ կարող են մասնակցել ու վստահել կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրում։
Քրմոյանի խոսքով՝ ներկայացվող ռազմավարությունը ինովացիոն է և կիրառվում են թվային գործիքներ։ Փոխնախարարը ռազմավարության նախագծում առաջադրվող խնդիրը որակեց հավակնոտ և ասաց, որ մտադիր են 15 կետով բարելավել Հայաստանի դիրքերը «Թրանսփերենսի ինթերնեյշնըլի» կոռուպցիայի ընկալման համաթվում։
«Եթե մենք դրան հասնենք, դա նշանակում է, որ մեր երկիրը այլ մակարդակի կբարձրանա ու դուրս կգա համակարգային կոռուպցիայի շրջանակներից։ Մենք կարծում ենք, որ դա իրականանալի նպատակ է», - ասաց Քրմոյանը։