19/12/2018 18:14
Փաշինյանը հայտարարում է, որ Մոսկվան Երևանի հետ չի քննարկել կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայության հարցը
Ռուս գործընկերները Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ երբեք չեն քննարկել ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների տեղակայման արգելքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ Այս մասին այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարը։
«Նման ինչ-որ պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպեսի հարց չենք քննարկել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորոտորիաներին, ասել էր, որ Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։
Նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն, անդրադառնալով Սերգեյ Լավրովի այս հայտարարությանն, ասել էր.
«Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողմի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող»:
Ի պատասխան իրավիճակը մեկնաբանել էր նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ նշելով.
«Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»։