19/12/2018 17:14
Գործընթացը չպետք է անհարկի քաղաքականացնել. Փաշինյանը՝ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջ սպանության մասին
Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության ու Գյումրիում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա գյումրեցի կնոջը դաժան ծեծով սպանելու դեպքերի միջև կա մի շատ կարևոր տարբերություն, այս մասին այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ նախ մենք արձանագրենք՝ շատ կարևոր տարբերություն կա։ Այն հետևյալն է՝ այն ժամանակ անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված, և մինչև հիմա էլ, ցավոք սրտի, հարազատները կասկած են հայտնում, որ գործը քննվել է ամբողջությամբ։ Այս կոնտեքստում՝ նրա (նկատի ունի Պերմյակովին՝ Aysor.am), որտեղ պահելու հանգամանքը ստանում էր որոշակի նշանակություն և կարևորություն։ Այս պարագայում, մենք այդպիսի իրավիճակ չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու՞ է գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը պահվում ռուսական ռազմաբազայում։
«Մեր խնդիրը ի՞նչն է, որ որևէ գործ ամբողջությամբ քննվի ու բացահայտվի, թե՞ մեր խնդիրն այն է, որ կոնկրետ զինվորն այս քրեակատարողական հիմնարկում է պահվում, այն կամ մեկ այլ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Դիտարկմանը, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողների գործողությունների հետևանքով տուժում են ՀՀ քաղաքացիներ, որ հաճախ են լինում դեպքեր, երբ զինծառայողները բազայից դուրս են գալիս ու, օրինակ, ռեստորաններում վեճեր հրահրում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Ես հետևյալն եմ ասում։ Հայաստանի բազմաթիվ ռեստորաններում տեղի են ունենում դեպքեր։ Այդ դեպքերում ներգրավված են լինում Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի քաղաքացիներ, այլ երկրների քաղաքացիներ։ Գործընթացքը պետք չէ անհարկի քաղաքականացնել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։