19/12/2018 14:44
Համազգային թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Արման Նավասարդյանը. Թատրոնի գեղարվեստական ղեկավար կնշանակվի Նարինե Գրիգորյանը
ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել (6 ամիս ժամկետով) նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց նորանշանակ տնօրենը:
Թատրոնների գեղարվեստական ղեկավարները նշանակվում են տնօրենների կողմից: Արման Նավասարդյանը նկատեց՝ մոտ օրերս կնշանակի նաև գեղարվեստական ղեկավարին:
«Այսօր կամ վաղն այդ նշանակումը կանեմ: Ուղղակի հիմա թղթաբանական մի քանի հարց կա, կկարգավորենք ու գեղարվեստական ղեկավար կունենանք», - ընդգծեց նա:
Հարցին՝ արդյոք Համազգայինի գեղարվեստական ճաշակն այսուհետ կորոշի այն թեկնածուն, ում անունն ի սկզբան էր շրջանառվում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ անշուշտ: Հիշեցնենք, որ թատերախումբը բողոքի առաջին իսկ օրից թատրոնի տնօրենի կարգավիճակում տեսնում էր Արման Նավասարդյանին, գեղարվեստական ղեկավարի դերում՝ ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանին:
Սակայն, գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարված, բայց՝ տնօրենի հաստիքը չլքած Վիգեն Չալդրանյանը չէր պատրաստվում զիջել դիրքերը: Վերջինս հրաժարականի դիմում ներկայացրեց օրեր առաջ՝ Մշակույթի նախարարի ԺՊ-ի հետ հանդիպումից հետո: Նախկին գեղղեկավարն ու տնօրենը մամուլում հրապարակված իր բաց նամակում ընդգծել էր, որ պաշտոնից հրաժարվում է Լիլիթ Մակունցի հրահանգով: