19/12/2018 18:34
Թեժ պայքար՝ «Փիփլ սեր» և «Փիփլ կյանք» թիմերի միջև. հաղթեց խաղաղությունը (տեսանյութ)
«ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափը, հավատարիմ մնալով իր նպատակներին և որդեգրած սկզբունքներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր «ՓԻՓԼ» ֆուտբոլ 2018 ներառական ֆուտբոլային հանդիպումը։
Հանդիպումը կայացավ «ՓԻՓԼ ՍԵՐ» և «ՓԻՓԼ ԿՅԱՆՔ» թիմերի միջև, որոնց հետ միասին խաղում էին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից Տիգրան Բարսեղյանը, Ռումյան Հովսեփյանը, Արտակ Եդիգարյանը, նաև՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի պետ Ռոբերտ Արզումանյանը։
ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը կարևորում է ներառական ֆուտբոլային հանդիպումները։
«ՀՖՖ-ն եթե կարողանա ավելի մեծացնել նման միջոցառումների թիվն ու տարածել նաև մարզերում՝ կլինի շատ մեծ հաջողություն, որովհետև ֆուտբոլը բոլորի համար է», - ասաց նա։
Ռոբերտ Արզումանյանն էլ նշում է՝ շատ կարևոր է, որ նման հանդիպումներ շատ հաճախ կազմակերպվի։
«Ես ինքս առաջին անգամ եմ մասնակցում, այսպես կարող եմ անվանել՝ անսահման հնարավորությունների խաղ։ Սա ցույց է տալիս, որ անհնարին ոչինչ կա», - ընդգծեց Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը։
Ընկերական, ժամանցային հանդիպումը ընթանում էր թեժ պայքարում։ Մրցակիցներից յուրաքանչյուրը պայքարում էր հաղթանակի համար։
«ՓԻՓԼ ԿՅԱՆՔ» թիմի դարպասապահ Վիկտորիա Սարգսյանը փայլում էր իր հիանալի «սեյվերով», բայց «ՓԻՓԼ ՍԵՐ»-ից Արտյոմ Հարությունյանն անկասելի էր. գոլը գոլի հետևից առաջ էր մղում իր թիմին։
Aysor.am-ի հետ զրույցում դարպասպահ Վիկան ընդգծեց՝ չի ընկրկելու, թույլ չի տալու «հակառակորդը» հաղթի։
Դարպասապահ Վիկայով ոգևորված է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Ընդգծում է՝ դարպասապահին կարելի է ընդգրկել Աղջիկների ազգային հավաքականում։
Հանդիպման մրցավար Հրանտն էլ խոստացել էր՝ չի ներելու ոչ մեկին, կարմիր քարտը պատրաստ է, ով կոպիտ սխալ թույլ տվեց՝ կարժանանա պատժի։
Ի դեպ, երկու թիմերն էլ հանդես էին գալիս սպիտակ մարզահագուստով՝ որպես խաղաղության խորհրդանիշ։ Արդյունքում, չնայած թեժ պայքարին, հանդիպումն ավարտվեց ոչ ոքի. հաղթեց խաղաղությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։