19/12/2018 16:32
Ինչո՞ւ կանխավարկած չկա՝ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերե՞լ. Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան հարցի մասին
Արցախի հարցում նոր բան չկա, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում այս մասով հնչող հայտարարություններին, մասնավորապես, Արդբեջանի ԱԳ նախարարի դիտարկմանը, թե Երևանն ու Բաքուն փոխըմբռնման են հասել:
«Ակտիվությունն այնքանով է, ինչքանով դուք տեսնում եք, և այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր», - ասաց նա:
Անդադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը՝ Փաշինյանը նշեց, որ Կասպրշիկի այցերը նորություն չեն, ու դրանց մի մասը չեն էլ լուսաբանվել նախկինում, քանի որ խիստ աշխատանքային բնույթ են կրել՝ ընդգծելով, որ ինքը հանձնարարել է լուսաբանել բոլոր շփումները:
«Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել», - ասաց նա՝ ընդգծելով.
«ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:
Դիտարկմանն արդյոք Հայաստանի համար Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները առաջնահերթ են ու արդյոք Փաշինյանը պնդելու է, որ դրանք ի կատար ածվեն, Փաշինյանն ասաց.
«Ամբողջ խնդիրն այն է, որ հենց սկզբից Ադրբեջանը պնդել է, թե նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, որոնք տեղի են ունեցել համանախագահների ներկայությամբ: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես և մեր կառավարությունը պաշտոնական բանակցային որևէ պրոցեսի չենք մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»: