19/12/2018 17:30
Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել ԵՄ-ի հետ համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հանձնաժողովի հարգելի անդամներ,
Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում: Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:
Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, և այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների: Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել Համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը: Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ:
Հանձնաժողովի աշխատանքների և դրա արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ:
Այժմ ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօրվա օրակարգային հարցերի քննարկման գործում, իսկ ես, կարևորելով ԵՄ-ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին և կհետևեմ գործընթացներին»:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի օրակարգը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օրակարգն է, և անկախ նրանից, թե մենք ինչ կազմով և ինչ ինտենսիվությամբ ենք աշխատում այս ուղղությամբ, խնդրում եմ ի գիտություն ընդունել և հաշվի առնել, որ մենք պարբերաբար նրան զեկուցում ենք ընթացքի մասին, և ըստ էության, պարոն Փաշինյանի ընկալումն այն է, որ սա նախ և առաջ մեր բարեփոխումների օրակարգն է»:
Նիստում քննարկվել են տեղեկատվական հասարակության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրոնային հաղորդակցության և նույնականացման ուղղություններով կատարվող աշխատանքներին:
* * *
2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը 2018 թ. հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ է մտել, և այս պահին գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը:
Մնացած դրույթներն ուժի մեջ կմտնեն Եվրոպական միության երկրների խորհրդարանների կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո: Այս պահին ԵՄ 28 երկրներից Համաձայնագիրն արդեն վավերացրել է 8 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը և Դանիան:
ՀԸԳՀ-ն համապարփակ և հավակնոտ երկկողմ համաձայնագիր է, որը ներառում է քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցություն: Համաձայնագրի նպատակներից են ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ երկխոսության շրջանակները՝ խթանելով կողմերի միջև սերտ հարաբերությունների զարգացումը, աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, հաստատել առևտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն:
Համաձայնագիրը ներառում է հետևյալ հիմնական ոլորտները՝
• Արդարադատություն
• Անվտանգություն
• Տնտեսություն, գյուղատնտեսություն և ենթակառուցվածքներ
• Շրջակա միջավայր և կլիմա
• Սպառողների շահերի պաշտպանություն
• Միգրացիայի հարցեր
• Տեղեկատվական հասարակություն
• Սոցիալական քաղաքականություն
• Կրթություն և գիտություն
• Մշակույթ
• Առողջապահություն
• Տարածքային զարգացում
• Վիճակագրություն:
2018 թ. հուլիսի 2-ի ՀՀ վարչապետի թիվ 906-Ն որոշմամբ ստեղծվել է Համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին ամիսներին քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության և այլ ոլորտների վերաբերյալ:
Հայկական կողմի մշակած ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզը, որն արդեն իսկ տրամադրվել է Եվրոպական կողմին համաձայնեցման, բաղկացած է երկու մասից. առաջին՝ առևտուր և առևտրին առնչվող հարցեր, իսկ երկրորդ՝ ոլորտային համագործակցություն, որը ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, հարկման, արդարադատության, միգրացիայի, գյուղատնտեսության, սպառողների պաշտպանության ոլորտներ: ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզն այս պահին ներառում է միայն այն դրույթների կիրարկմանն ուղղված միջոցառումները, որոնք ժամանակավորապես ուժի մեջ են մտել:
2018 թ. նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԸԳՀ-ով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից կազմված ճանապարհային քարտեզի նախագիծը: Եվրոպական կողմը գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: