20/12/2018 12:47
Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու գործիք է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին
Պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու գործիք է: ԱԳՆ-ն մշտապես իր օրակարգում է պահում տարածաշրջանում սպառաինությունների մրցավազքի կանխարգելման օրակարգը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ Բելառուսի նախագահի հայտարարությանը:
Նա նշեց՝ այս հայտարարություններին արդեն տրվել են արձագանքներ:
«ԱԳՆ անունից կարող եմ ավելացնել, որ սպառազինության մրցավազքն ուղղակիորեն հանգեցնում է անկայունության աճին: Մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի», - ասաց Աննա Նաղդալյանը:
Նա ընդգծեց՝ այս հայտարարությունը չպետք է շփոթել կարողությունների կամ վճռականության պակասի հետ:
«Մենք վստահ կարող ենք ասել, որ ՀՀ Զինված ուժերն ունեն բարձր պատասխանատվություն ու կարողություն՝ երաշխավորելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Պարզապես մենք գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետևանքները», - ասաց Աննա Նաղդալյանը: