20/12/2018 13:01
Հայաստանը որևէ բանակցություն չի վարում հանրապետության տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով օրերս Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Այս հարցով հստակ կարող եմ ասել, որ սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական համագործակցության մի մաս է կազմում ու այդ հարցի շուրջ կա երկխոսություն: Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է վերահաստատել, որ դրանք Հայաստանինն են, այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ ու դրանք ունեցել են, ունեն և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ», - ասաց Աննա Նաղդալյանը:
Ճշտող հարցին՝ կա՞ քննարկում օտարերկրյա զինծառայողների հարցի շուրջ, ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքեց.
«Լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն, Հայաստանի պարագայում ռազմական ներկայության խնդիր չկա, միաժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման հարցով»: