20/12/2018 16:15
Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկօրյա աշխատանքային այց կկատարի Մոսկվա. Արման Եղոյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկօրյա աշխատանքային այց կկատարի Մոսկվա, Aysor.am-ին ասաց վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Նրա խոսքով, այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք՝ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ ընտրություններից հետո, ասել է, որ Ռուսաստանը հարթ հարաբերություններ ունի Հայաստանի հետ:
«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ», - ասել է Պուտինը`
«Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք՝ ստեղծված նախորդ սերունդների ղեկավարների կողմից: Հայ ժողովուրդն Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենալավ դաշնակիցն է: Պատմականորեն դա այդպես է եղել և, հուսով եմ, այդպես էլ կմնա», - նշել է նա:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պետք է գործել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ընթացիկ իրականությունից ելնելով:
«Մոտ ապագայում մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, որը հաջորդ շաբաթ մեզ այցելելու է», - ասել է ՌԴ նախագահը: