20/12/2018 14:12
ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դեռ չի որոշել, թե ով է լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում իրենց թեկնածուն։
«ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես խորհրդրանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը», - Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը։
Նկատենք, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ժողովում դեկտեմբերի 19-ին որոշվել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ երկու փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի։