20/12/2018 16:39
2011-ի դեկտեմբերի 20-ից սկսվեց իմ անվերջանալի կարոտը. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր մայրիկին:
«Երբ 7 տարին կարոտի մի ակնթարթ է… Էմմա Բլեյանին՝ իմ լույս Մայրիկին...
Մայրերն աշխարհի աղն են ու բարությունը, Մայրերն աշխարհի օրորն են և օրորոցը, Մայրերը պատերզամների դեմ միակ ուժն են...
Մայրս՝ սրտի մեջ սեր ու անսահման համբերություն էր պահում, մայրս ընկեր էր, երեխա ու պաշտպան միևնույն ժամանակ։
Հաճախ չէր էլ խոսում, այլ իր լռելով էր պաշտպանում, ավել ու վատ խոսքից սարսափում էր՝ ասես կանխազգալով, որ նոր ժամանակներում խոսքը վհատեցնող, պատժող ու կազմալուծող գործիք կդառնա։
Մայրս. իր Բլեյան ընտանիքի, իր արմատի երկու հզոր ճյուղերից՝ ուսուցչություն թե քաղաքականություն, ընտրեց խոնարհ ու խոհեմ ճանապարհը՝ ՈՒՍՈՒՑՉԻ։ Ի հեճուկս իր՝ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող եղբայրների, ընտրեց կրթելու և ստեղծելու ճանապարը՝ հեռատեսորեն հասկանալով, որ մեր օրերում քաղաքականությունը քաոսի գործիքն է լինելու, իսկ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ լինի «արտաքին» թե ներքին, մարդու էության առողջ դրսևորումն ու Երկրի ապագան։
Մայրս իրոք ուսուցիչ էր. կյանքի, բարության և մարդկայնության Ուսուցիչ։
Ես էդպես էլ չեմ հասկանա «վատ ծնող» եզրույթը, Աստված շատ ողորմած է եղել իմ նկատմամբ՝ պարգևելով ինձ Իմ Ընտանիքը։
Մայրս- մոլորակ էր, որն ինքնամոռաց պտտվում էր բոլորի հետևից՝ հասցնելու և նրանց գոհացնելու համար, հասցնում էր ամեն ինչ ու ամենքի համար՝ բացի իրենից։
Մամաս իսկական մարդ էր։ Դառը կյանքն ապրած ու դրանից իսկ իր միջի լույսը հազարապատիկ խտացրած։ Չէր սիրում լաց, բողոք, վհատություն։ Չէր ընկալում անտարբերությունը, չարությունը, ծուլությունը։ Իր պայքարի ձևը կրթելն էր։ Սնունդը՝ ոգևորությունը, երբ արդյունք էր տեսնում։ Աչքերի փայլը, երբ դուստրերին կամ եղբայրներին էին գովում։ Հպարտությունը, երբ ամուսնուց էին խոսում...
Արժանապատիվ, ազնիվ ու ինքնաբավ մայր էր Մայրս, որն այդկերպ իր բոլոր աշակերտներին էր ձևավորում՝ իր երեք դուստրերին էլ այդ թվում։
Տարիներն անցնում են, ու մայրիկիս դիմագծերը «լղոզելու» փոխարեն՝ ժամանակն ավելի է ընդգծում նրա բնավորությունը, Սերն ու ուժը. նրա Դիմագիծը։
Ես մամայիս ահավոր եմ կարոտում։ Ուղղակի անտանելի։ 2011- ի դեկտեմբերի 20-ից սկսվեց իմ անվերջանալի կարոտը... Աստված երևի մահը ստեղծել է, որ իմաստավորի կյանքը... թե չէ էլ ինչու՞:
Հ.Գ. Ես քեզ միշտ ժպտում եմ Մամ ջան, լույսի մեջ մնաս... Մայրերը սեր են, հոգ տարեք ու ժպիտ նվիրեք, քանի դեռ կարող եք»,-գրել է դերասանուհին: