21/12/2018 15:30
Շիրվանզադեի «Քաոս»-ը՝ մեր օրերում՝ Մկրտիչ Արզումանյանի, Սոս Ջանիբեկյանի, Խորեն Լևոնյանի, Ռաֆայել Քոթանջյանի և այլոց մասնակցությամբ. լուսանկարներ
Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»-ը շուտով հանրությանը կներկայացվի 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմի ձևաչափով: Ֆիլմի պատվիրատուն Հանրային հեռուստաընկերությունն է, էկրանավորումը վստահվել է ռեժիսոր Հայկ Կբեյանին: Վեպը սցենարի է վերածել դրամատուրգ Անահիտ Աղասարյանը:
19-րդ դարում Բաքվում տեղի ունեցող իրադարձությունները տեղափոխվեն են 21-րդ դար՝ Երևան, Ալիմյաններին պատկանող նավթահանքն էլ, բնական պատճառաբանությամբ, վերափոխվել է այլ հանքի, սակայն դրանից ստեղծագործության բովանդակությունը չի փոխվել:
«Մեծ ծախսեր ու տևական ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կարողանայինք իրադարձությունները վերարտադրել 19-րդ դարում, այդ պատճառով էլ նախընտրեցինք մեր ժամանակները: Սակայն կերպարներն, իրենց բնութագրերով ու անուններով, սյուժետային գծով ամբողջովին պահպանված են», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են շուրջ 1 ամիս առաջ՝ Երևանում: Այն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ: Էկրանային ցուցադրումը նախատեսված է 2018 թվականի դեկտեմբերի վերջից: 16 մասերից յուրաքանչյուրը կլինի 35-45 րոպե տևողությամբ:
Հոգեբանական դրամայում Սմբատ Ալիմյանին մարմնավորում է դերասան Մկրտիչ Արզումանյանը, Միքայելին՝ Սոս Ջանիբեկյանը, Արշակին՝ Վահագն Մարտիրոսյանը: Նրանց քրոջը՝ Մարթային՝ Շողեր Գրիգորյանը:
Ալիմյան ամուսինների՝ Մարկոս աղա Ալիմյանի և Ոսկեհատի դերում հանդես կգան ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ու ՀՀ Վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանը:
Առանցքային դերերից մեկը վստահվել է դերասան Խորեն Լևոնյանին. նա մարմնավորելու է Ալիմյանների դստեր՝ Մարթայի ամուսին Իսահակ Մարութխանյանին:
Ֆիլմի հերոսուհին՝ Շուշանիկը՝ Աննա Եգոյանն է, ով Հայաստան է եկել Ռուսաստանից:
Նկարահանվել են նաև Վիվյեն Բաստաջյանը, Արմեն Մարգարյանը, Զավեն Աբրահամյանը, Մակիչ Մարգարյանը, Հայկ Թորոսյանը և Լիզա Բարսեղյանը:
Դիտարկմանը, որ թեև նախագծում բավական լուրջ թիմ է հավաքվել, սակայն շատերին, այնուամենայնիվ, կզարմացնի Մկրտիչ Արզումանյանի ոճային փոփոխությունը, քանի որ վերջինիս առավել շատ հանդիպել ենք կատակերգական ժանրում, Հայկ Կբեյանը պատասխանեց.
«Նա ինձ համար շատ մեծ պոտենցիալ ունեցող դերասան է: Կարծում եմ՝ պատահական չի, որ հիմա այս կերպարում է հանդես գալիս: Իր մեջ արդեն փոփոխության պահանջ ու անհրաժեշտություն կար: Մկրտիչ Արզումանյանն այն արտիստներից է, որ անկախ նրանից՝ ինչ ժանրում է նկարվում, իր գործը շատ լավ է անում»:
Պրոդյուսերներն են Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը: Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրվում կոմպոզիտոր Վահե Գրիգորյանի կողմից: