21/12/2018 15:58
«Լիդիան Արմենիան» հայց է ներկայացրել 3 ակտիվիստի դեմ՝ ընկերության գործարար համբավն արատավորելու համար
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել 3 ակտիվիստի դեմ՝ ընկերության գործարար համբավն արատավորելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Մելքումյանը:
Անդրադառնալով այսօր «Հայկական բնապահպանական ճակատի» համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանի դեմ ներկայացրած հայցի երկրորդ լսմանը՝ Մելքումյանն ասաց, որ նրա դեմ հայց է ներկայացվել «Սիվիլնեթ» լրատվականում և «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան էջում ընկերությանն առանց որևէ հիմնավորվածության և առանց փաստի կաշառակերության մեջ մեղադրելու համար:
«Երբ այսօր Գալստյանին հարցադրում է արվել, թե ո՞ր արտահայտությունների համար է նա դատի տրվել, խուսափում է ասել, որ ընկերությանը կաշառակերության մեջ է մեղադրել: Տարիներ շարունակ ընկերությունը լայնախոհություն է դրսևորել, չի հետապնդել սուտ ու կեղծիք կամ ընկերության համբավն արատավորող հայտարարություններ տարածողներին, բայց այս կեղծիքի տարածման հետևանքով գիտեք՝ ինչ իրադրությունն է՝ ընկերությունն արդեն 6 ամիս է՝ չի աշխատում», - ասաց նա՝ պնդելով, որ այսուհետ ընկերությունը չի հանդուրժելու նման վերաբերմունք և ընկերության գործարար համբավն արատավորելու ցանկացած փորձ հետապնդվելու է, և ընկերության կողմից այդ անձինք կանչվելու են պատասխանատվության:
«Լիդիան Արմենիան» հայց է ներկայացրել նաև ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի դեմ, ով Ջերմուկի հրապարակում հայտարարել է, որ «Լիդիան Արմենիան» կաշառակեր և հանցագործ ընկերություն է։
«Նույնաբովանդակ արտահայտություններ արվել են նաև մեկ այլ ակտիվիստի՝ Անի Խաչատրյանի կողմից, որի հետևանքով նաև վերջինիս նկատմամբ հայցադիմում է ներկայացվել: Դատարանին խնդրել ենք, որպեսզի պարտավորեցնի հերքել նման հայտարարությունը», - նշեց Մելքումյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ լսումներ դեռևս անցկացվել են միայն Լևոն Գալստյանի դեմ ներկայացված հայցով, իսկ պահանջը բոլորի նկատմամբ նույնն է՝ հերքում և օրենսդրությամբ նախատեսված 1 մլն դրամ բռնագանձում:
Այսօր դատարանում «Հայկական բնապահպանական ճակատի» համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստանյանն իր դեմ ուղղված հայցը որակել էր որպես հետապնդում ակտիվիստների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանում հիմքեր չկան: