21/12/2018 17:37
Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ. Տուսկը և Յունկերը ուղերձ են հղել Փաշինյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ ուղերձ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։
«Ձերդ գերազանցություն,
Ցանկանում ենք շնորհավորել ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում և վայելում են հանրային լայն վստահություն:
Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ: Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Ձեզ բարեփոխումների օրակարգի իրականցման գործում: ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը, որը պայմանականորեն կիրառվում է 2018թ. հուլիսի 1-ից, ամուր շրջանակ է ապահովում մեր համագործակցության համար և հավակնոտ ծրագիր՝ բարեփոխումների համար:
Համաձայնագիրը նաև աջակցություն կտրամադրի դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգ ունենալուն, որն անհրաժեշտ է Հայաստանի բարեկեցության կառուցման համար: Ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների՝ ակնկալում ենք համատեղ աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
Ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը: Լիահույս ենք նաև, որ նոր թափով կշարունակեք ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանագության հաստատման ուղղությամբ:
Մաղթում ենք Ձեզ հաջողություն՝ Հայաստանն առաջնորդելու գործում», - նշված է ուղերձում: