21/12/2018 11:54
Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է 1 մլն 440 հազար դրամի փոփոխություն
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում 1 մլն 440 հազար դրամի փոփոխության մասին նախագիծը։
«Նախատեսվում է բյուջեի ծախսային և եկամտային համաչափ նվազեցում։ Հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերի վերանայումներին»,- ներկայացրեց փոխքաղաքապետը։
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են կրճատվել դրամաշնորհները և ինչու՞ բյուջեն այդ մասով չի կատարվել։
«Խոսքը ոչ թե բյուջեի չկատարման մասին է, այլ սրանք ծրագրեր են, որոնք ունեցել են ազատ մնացորդներ տերեվերջի դրությամբ։ Կառավարությունը և մեր գլխադասային կարգադրիչները որոշել են, որ այդ գումարները հետ վերադարձվեն իրենց ծագման աղբյուրներ։ Ծրագրերը վերաբերում են շինարարության, տրանսպորտի և այլ ոլորտներին»,- արձագանքեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Որոշման նախագիծն ընդունվեց 47 կողմ ձայնով։