21/12/2018 11:01
Արցախի բանակը կհամալրվի ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333 միլիարդ դրամ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Արցախի խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ մանրամասնելով, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի և միջոցառումների շնորհիվ:
«Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավելի գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվել են կառավարության կողմից: Դրանց մի մասը ընդունվել և ներառվել է բյուջեի նախագծի վերջնական տարբերակում: Կան առաջարկներ, որոնք թեև չեն ընդգրկվել պետական բյուջեի նախագծի մեջ, սակայն արժանի են հատուկ ուշադրության, և մի շարք գաղափարներ հաշվի կառնվեն ֆինանսատնտեսական քաղաքականության և տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում: Մի շարք այլ առաջարկներ հնարավոր չէր ընդգրկել բյուջեի նախագծում՝ հաշվի առնելով առկա հնարավորությունների աստիճանը: Դրանք պարտադիր կերպով կուսումնասիրվեն, և հնարավորությունների սահմաններում անդրադարձ կկատարվի այդ խնդիրների լուծման տարբերակներին»,- նշել է Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանի խոսքով՝ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումների զգալի ավելացում 6.5 տոկոսով՝ ապահովելով առաջանցիկ աճ ընդհանուր ծախսերի աճի նկատմամբ: