21/12/2018 20:38
Ծնվել է հաղորդավարուհի Նաիրա Նիազյանի ու գեղանկարիչ Արթուր Սարյանի առաջնեկը՝ Լեոնարտը
Նոյեմբերի 4-ին Մոսկվայում լույս աշխարհ է եկել «Arm fashion day» նախագծի ղեկավար, հաղորդավարուհի Նաիրա Նիազյանի ու գեղանկարիչ Արթուր Սարյանի առաջնեկը: 51 սմ հասակով և 2 կգ 700 գրամ քաշով փոքրիկին ծնողներն ավելի ուշ էին սպասում, սակայն, ինչպես Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց նորաթուխ մայրիկը՝ շտապեց՝ խորհրդանշական հենց այդ օրը անակնկալ մատուցելով նրանց:
Հաղորդավարուհին ու գեղանկարիչը մտահղացում ունեին նկարահանել հեքիաթ-մուլտֆիլմ, որը լինելու էր փոքրիկի մասնակցությամբ ու իր մասին: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Նաիրա Նիազյանը նկատում է՝ եթե հավատանք խոսքի զորությանն ու նախախնամությանը՝ երեխայի շուտ աշխարհ գալն իրենք էին «կազմակերպել»:
«Մենք նրան սպասում էինք նոյեմբերի 21-ից 23-ը, քանի որ հղիության ընթացքը հետազոտող բժիշկներն այդպես էին ասել: Նայեմբերի 4-ի գիշերը Մոսկվայում նշվում էր որպես «Արվեստի գիշեր»… Ես սկսել էի մտածել և շարադրել հեքիաթը, իսկ Արթուրը պետք է նկարեր երեխային, ու անիմացիայի օգնությամբ հեքիաթը կյանք կստանար: Հերոսները մեր հորոսկոպի ու անվան խորհրդանիշ կենդանիներն են…Եվ այսպես, հեքիաթի գլխավոր հերոս Լեոնարտը (լույսը) արջին ու նապաստակին հայտնվում է անսպասելի՝ հերթական մշակութային միջոցառումներից մեկի գիշերը: Փաստորեն, այդպես էլ եղավ մեր կյանքում՝ նոյեմբերի 3-ին հայտնվեցինք հիվանդանոցում, իսկ նա ծնվեց նոյեմբերի 4-ին ՝«Արվեստի գիշերը», Մոսկվայի ժամանակով՝ 23:50-ին», - մանրամասնեց Նաիրա Նիազյանը:
Հատկանշական է, որ ամուսիններն իրենց որդուն հենց այդ հեքիաթի հերոսի անունով են կոչել՝ Լեոնարտ:
«Լեոնարտ անվան ընտրությունը երկուսինս է: Փնտրում էինք անուն՝ համապատասխան նոյեմբեր ամսվա և կարիճ նշանի աստղագիտական հաշվումներին: Իհարկե, ինքս շատ էի ուզում, որ մեր տղան ավելի մտերմիկ կապ ունենար Արթուրի և նրա անվան հետ, որն էլ առիթ հանդիսացավ անվան՝ նման անսովոր ընտրությանը, կամ, կարելի է ասել՝ ստեղծմանը»,-նշեց նա:
Անդրադառնալով մայրության բերկրանքն առաջին անգամ վայելելու զգացողությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ այն օրից, ինչ իմացել էր, որ մայր է դառնալու, ոչ մի վայրկյան ինքն իր հետ ներդաշնակությունը չի կորցրել:
«Իմ առջև ծառացած աշխատանքային լուրջ խնդիրներից, որոնց մասին այլևս չեմ ուզում խոսել, հասկացա, որ ինչպես ասում են՝ ժամանակից առաջ ընկնել պետք չէ, ամեն ինչ իր ժամանակին է հասուն ու գեղեցիկ: Երեխայի սպասման ու նրա աշխարհ գալու ամբողջ ընթացքում մտավոր ու հոգեբանորեն շատ հաճելի ժամանակ եմ ապրել, այդպես էլ շարունակվում է: Երբեմն թվում է, որ նա միշտ է մեզ հետ եղել, պարզապես մենք նոր ենք տեսնում և զգում: Բայց խոստովանեմ, որ առաջին անգամ ապրածս բոլոր զգացողությունները անհասկանալի ու հաճելի էին, դրանք փորձում էի ընկալել բոլոր զգայարաններով ու ջղերով», - ընդգծեց նա:
9 ամիսների ընթացքում ամուսինները երբեք չեն սևեռվել այն մտքի վրա, թե ի՞նչ սեռի բալիկ կլինի իրենց առաջնեկը: Հղիության փուլում սեռի հաստատումը օգնել է միայն մեկ հարցում՝ անուն ընտրել ապագա որդուն: Թեև, կարևոր այդ գուշակությամբ «զբաղվում» էին մտերիմները:
«Փոքրիկի սեռի հարցը ոչ մի անգամ մենք չենք բարձրացրել, չնայած, որ բոլորը գուշակում էին ժողովրդական մեթոդներով՝ կապված արտաքին տեսքիս ու մարմնիս փոփոխություններով», - ժպիտով խոստովանեց նորաթուխ մայրիկը:
Լեոնարտի խնամքով զբաղվում են Նաիրան ու Արթուրը, թեև գիտակցում են՝ առաջիկայում ստիպված են լինելու դիմել դայակի օգնությանը:
«Չնայած երկուսիս խիտ աշխատանքային գրաֆիկին՝ բազում նախագծերի նախապատրաստական աշխատանքերին, որոնք միայն Մոսկվայի հետ չեն կապված, նաև՝ այլ քաղաքների ու երկրների, Լեոնարտի խնամքով զբաղվում ենք միասին, վայելում ենք մեր փոքրիկին ամեն վայրկյան: Բայց հասկանում ենք, որ շուտով ստիպված ենք լինելու դիմել խնամակալի օգնությանը, երբեմն էլ բացակայել»,-խոստովանեց մեր զրուցակիցը:
Մոսկվայում ծնված հայ փոքրիկը կմկրտվի Հայաստանում, այդպիսին է ծնողների որոշումը: Ինչ վերաբերում է ավանդական դարձած արարողություններին, կամ, այսպես ասած՝ քառասունքի խորհրդին, ապա ամուսինները դրա խիստ հետևորդը չեն: Հատկապես, որ որքան էլ հյուրերը շատ լինեն, դա չի խանգարում երեխային՝ խուսափել բազմությունից:
«Որոշել ենք, որ մեր որդին կմկրտվի սուրբ հողի վրա, բայց՝ մի փոքր ավելի ուշ: Մտածում ենք՝ երեխային դեռ շուտ է ճանապարհորդել՝ կապված ճանապարհի և կլիմայի փոփոխություննեի հետ: Իսկ քառասունքի խորհրդի առումով կասեմ, որ մենք հյուրեր ունենում ենք գրեթե ամեն օր, բայց դա չի խանգարում Լեոնարտի՝ իր առանձնասենյակում ուտել, քնել, մեծանալու և սոցկայքերում չլինելու գրաֆիկին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նաիրա Նիազյանը:
Հաղորդավարուհին կեսկատակ-կեսլուրջ նկատում է՝ Լեոնարտը ծնվելու օրվանից իրենց գործունեության ակտիվ կրողն ու հետևորդն է: Երբեմն նույնիսկ մասնակցում է դրանց՝ կրելով մայրիկի կարած աքսեսուարները: Հայրիկի հետ էլ սկսել է նկարել իր առաջին կտավը:
Aysor.am-ը փոքրիկի ծնվելու կապակցությամբ շնորհավորում է Նաիրա Նիազյանին և Արթուր Սարյանին, Լեոնարտին էլ մաղթում ենք անհոգ ու գեղեցիկ մանկություն: