22/12/2018 15:25
Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ. Հայկ Ալումյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։
«Կա նման բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ։ Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որոնք չէի ուզի մանրամասնել», - ասաց Հայկ Ալումյանն՝ ավելացնելով.
«Նաև Արշակ Կարապետյանը եղել է թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչու՞ է հիմա նշանակվել խորհրդական, դա ես չեմ կարող մեկնաբանել։ Կարող եմ միայն ենթադրել որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից է, բայց հակառակում էլ ինձ դժվար կլինի համոզել», - ասաց Հայկ Ալումյանը։
Նշենք, որ Արշակ Կարապետյանի նշանակությունը ոչ միանշանակ ընդունվեց հասարակությունում։ Վերջինս մինչև 2016թ. ապրիլի 26-ը զբաղեցնում էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու հեռացվել է դրանից ապրիլյան պատերազմից հետո։