22/12/2018 14:08
Փաշինյանը ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնում
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Վանաձորում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի:
«Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք», - ասաց նա:
Հարցին, քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:
Հիշեցնենք՝ այսօր մամուլում շրջանառվում էին լուրեր, որ գործող իշխանությունը ամեն կերպ փորձում է շրջանցել գազի գնի թանկացման մասին խոսակցությունները և ձգտում է լինել առավելագույնս լուռ։