24/12/2018 18:56
Դատախազությունը բողոքարկել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
«Նկատի ունենալով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է», -տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու և խոշոր չափերի յուրացման համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, դեկտեմբերի 21-ին որոշեց բավարարել նր ապաշտպանների միջնորդությունը և կալանքը փոխարինվեց գրավով՝ 25 մլն դրամի չափով:
Գրիգորյանի վերաբերյալ այս որոշումը կայացնելու օրվանից Էջմիածնում, այսօր արդեն Երևանում բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, որոնց փոքրաթիվ մասնակիցներ պահանջում էին կալանավորել Գրիգորյանին: