24/12/2018 13:39
Իրավապահները մտավախություն են ունեցել, որ Մանվել Գրիգորյանը կլքի Հայաստանը և կմեկնի Արցախ. Փաստաբանը՝ նախաքննական զավեշտի մասին (Տեսանյութ)
Եթե դատական իշխանությանը ճնշելու համար մարդիկ ճանապարհ են փակում, իսկ իշխանությունը դրան չի արձագանքում, ապա Սահմանադրությամբ Հայաստանը պետք է հռչակել անարխիստական երկիր, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Փաստաբանի խոսքով՝ այժմ Հայաստանում իրավապաշտպանների համար մեծ խոչընդոտներ են ծագել և դա արտահայտվում է սոցիալական ցանցերի տարբեր անկյուններում նրանց հասցեին ուղղվող վիրավորական ու ծաղրալից արտահայտություններով։
«Հատուկ քննչական ծառայության պետը ցուցում է տալիս կառավարության անդամ նախարարին, որի իրավունքը չունի և բոլորը դա ընդունում են նորմալ, իսկ նախարարն այդ ցուցումը տեղայնացնում է մարզպետին, մարզպետն էլ կանչում է գյուղապետերին և հանձնարարում կատարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները։ Հասկանում եք ՝ դա ժողովուրդը գնահատում է նորմալ ու ծափ է տալիս, քանի որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին։ Իշխանությունն էլ չտեսնելու է տալիս, խնդիրը բարձրաձայնում է իրավապաշտպանը ու ընկնում համապատասխան հայհոյախառն քննադատության տակ։ Ոստիկանապետը կազմակերպիչներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ոչ ավելի ոչ պակաս, հրավիրում է իր մոտ կազմակերպիչներին ու խորհուրդ տալիս, որ գնան հրապարակ՝ ակնարկելով հավաքվածների թիվը մեծացնել», - հայտարարեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու մասին Գլխավոր դատախազության հայտարարությանը՝ փաստաբանը նկատեց, որ դատախազության որևէ ներկայացուցիչ չի եղել խափանման միջոցի փոփոխության հարցի քննությանը։
«Դատական ակտի հետ կապված գործի նյութերին ծանոթ չեն, բայց պատասխանատու հայտարարություն են անում՝ բողոքարկելու մասին։ Պատճառը պարզ է՝ երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական։ Այդպես էլ վերացական դատողությունենրով խաղում են անձանց ճակատագրերի հետ։ Եթե դատախազությունը ներկայացնի որևէ փաստ, որ Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ մնալով կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը ներողություն կխնդրի ու կհորդորի իր պաշտպանյալին վերադառնալ բանտախուց», - նշեց փաստաբանը։
Նրա համար զավեշտալի է այն, որ Մանվել Գրիգորյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է, թե գեներալը կլքի Հայաստանը և կմեկնի Արցախ. «Ասում են՝ մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը և գիտեք ասում եմ՝ ուր կգնա, դե մի երկրի անուն տվեք, ասում են՝ Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։ Պաշտոնապես հայտարարում են, որ չենք կարող խափանման միջոց կալանքը փոխել, որովհետև կմեկնի Արցախ, իսկ Արցախն էլ պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստան չէ ու նրան այնտեղից հետ բերելու իրավական մեխանիզմներ չկան»։
Բաղդասարյանը, անդրադառնալով Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, ասաց, որ դատարանը համարձակ որոշում է կայացրել՝ «փրկելով երկրին վաղը մյուս օրը Եվրոպական դատարանի առաջ կարմրելուց»։
Մանրամասն՝ տեսանյութում։