25/12/2018 17:37
Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Մամեդյարովի հայտարարության մասին
Հանրային հայտարարություններում պետք է ցուցաբերել զսպվածություն՝ այսպիսով սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն:
Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը:
Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»,- ասել է Աննա Նաղդալյանը։