25/12/2018 13:44
Միքայել Հարությունյանի հարցով ՀՔԾ-ն երկրորդ անգամ է դիմել ռուսական կողմին
Հատուկ քննչական ծառայությունը Ռուսաստանից օրերս ստացել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի վերաբերյալ ուղարկված հարցման պատասխանը։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ ստացված պատասխանում նշվում է, որ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սակայն այլ մանրամասներ չեն նշվել։
«Հատուկ քննչական ծառայությունը լրացուցիչ հարցում է ուղարկել, որպեսզի պարզի, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել ՌԴ քաղաքացիություն», - ասաց Օհանջանյանը։
Միքայել Հարությունյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008-ին Հայաստանում սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ տապալելու համար, կալանավորումն ընտրվել էր որպես խափանման միջոց և հայտարարվել էր հետախուզում։
Ավելի վաղ ռուսական «Интерфакс»-ը հայտնել էր, որ Երևանը Մոսկվային պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ, որի նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում է հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով։
«Միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցումը ստացվել է ՌԴ իրավապահ մարմիններում, և այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում», - լրատվամիջոցին ասել էր աղբյուրը։
«Նախնական որոշում է կայացվել, որ արտահանձնման հարցում Երևանը մերժում է ստանալու, քանի որ պարզվել է՝ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր», - ասել էր նա։